ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում` կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթևեկության, երթևեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ և կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց և բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:
2. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
3. Կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) գլխավոր ճանապարհ` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2, 2.3.3` «Երկրորդական ճանապարհի հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվողին հավասարազոր չի դարձնում.
2) երթևեկության առավելություն` երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ` նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.
3) զիջել ճանապարհը (չստեղծել խոչընդոտ)` ճանապարհային երթևեկության մասնակցին ուղղված պահանջ, ըստ որի նա չպետք է սկսի, վերսկսի կամ շարունակի երթևեկությունը, փոխի շարժման ուղղությունը կամ որևէ այլ ձևով խոչընդոտ ստեղծի, եթե դա պարտադրում է երթևեկության առավելություն ունեցող մասնակիցներին փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը.
4) կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.
5) երթևեկության սկիզբ` կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա.
6) մանևրում` վերադասավորում, շարժման ուղղության փոփոխություն (շրջադարձ կամ հետադարձ) կամ կանգառ կատարելը.
7) վերադասավորում` զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը.
8) շարժման ուղղության փոփոխություն` շրջադարձ կամ հետադարձ կատարելը.
9) շրջադարձ` տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր.
10) հետադարձ` տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր.
11) վազանց՝ շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:
(3-րդ կետը խմբ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)

 
II. ԼՈՒՍԱՑՈՒՅՑԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ
001

4. Լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:
5. Կախված գործածման նպատակից` լուսացույցները լինում են տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորող, իսկ դրանց ազդանշանները` կլոր (առանց պատկերի), ինչպես նաև պատկերներով` սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքով և «X»-աձև:
6. Կլոր ազդանշաններով լուսացույցները կարող են ունենալ մեկ կամ երկու կանաչ սլաքի (սլաքների) տեսքով ազդանշաններով լրացուցիչ մասեր (սեկցիաներ), որոնք տեղադրվում են կանաչ ազդանշանի մակարդակի վրա:
7. Լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը.
2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).
3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքի) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.
4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.
5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը.
6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:
8. Լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույների սլաքների տեսքով ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության (ուղղությունների) վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ:
9. Կարմիր և դեղին գույների սլաքների փոխարեն կարող են օգտագործվել սև ուրվագծային սլաքներով նույն նշանակությունն ունեցող կարմիր և դեղին կլոր ազդանշաններ:
10. Լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները) վարորդներին տեղեկացնում է լրացուցիչ սեկցիայի առկայության մասին և ցույց տալիս թույլատրված երթևեկության այլ ուղղություններ, որոնք նախատեսված չեն լրացուցիչ սեկցիայի ազդանշանով:
11. Եթե լուսացույցի ազդանշանը հետիոտնի (հեծանիվի) ուրվապատկերի տեսքով է, ապա նրա գործողությունը տարածվում է միայն հետիոտների (հեծանվորդների) վրա: Այս դեպքում կանաչ ազդանշանը թույլատրում է հետիոտների (հեծանվորդների) երթևեկությունը, իսկ կարմիրը` արգելում: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացված չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` լրացված սպիտակ գույնի, 200 x 200 մմ չափերի ուղղանկյուն ցուցանակով, հեծանիվի սև գույնի պատկերով:
12. Ճանապարհների վրա կույր հետիոտների հաճախակի գտնվելու վայրերում, երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը կարող է ուղեկցվել տրանսպորտային միջոցների ձայնային (հատուկ) ազդանշաններից տարբերվող ձայնային ազդանշանով:
13. Տրանսպորտային միջոցների երթևեկությունը երթևեկելի մասի առանձին գոտիներով կարգավորելու համար, մասնավորապես, այն գոտիների, որոնցով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի, կիրառվում են դարձափոխային լուսացույցներ` «X»-աձև կարմիր և դեպի ներքև ուղղված սլաքի տեսքով` կանաչ ազդանշաններով, որոնք համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտիով, որի վերևում տեղակայված են: Դարձափոխային լուսացույցների հիմնական ազդանշանները կարող են լրացվել անկյունագծով դեպի ներքև` աջ կամ ձախ ուղղված սլաքի տեսքով` դեղին ազդանշանով, որի միացումը տեղեկացնում է ազդանշանի փոխվելու և դեպի սլաքով նշված գոտի վերադասավորվելու անհրաժեշտության մասին: Եթե երկու կողմից 1.9 գծանշմամբ նշված գոտու վերևում տեղակայված դարձափոխային լուսացույցի ազդանշաններն անջատված են, ապա մուտքն այդ գոտի արգելված է:
14. Տրամվայների, ինչպես նաև առանձնացված գոտիով երթևեկող ընդհանուր օգտագործման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կարող են կիրառվել «T»-աձև դասավորված միագույն, լուսնասպիտակ չորս կլոր ազդանշաններ ունեցող լուսացույցներ: Երթևեկությունը թույլատրվում է միայն ներքևի և վերևի ազդանշաններից մեկի կամ մի քանիսի միաժամանակ միացված լինելու դեպքում, ընդ որում, ձախը թույլատրում է երթևեկությունը դեպի ձախ, միջինը` ուղիղ, իսկ աջը` դեպի աջ: Եթե լուսացույցի վերևի մեկ կամ մի քանի ազդանշաններ միացված են առանց ներքևի ազդանշանի, ապա երթևեկությունն արգելված է:
15. Երկաթուղային գծանցի վրա տեղակայված կլոր լուսնասպիտակ թարթող ազդանշանը թույլատրում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը գծանցով: Եթե թարթող լուսնասպիտակ և կարմիր ազդանշաններն անջատված են, ապա երթևեկությունը թույլատրվում է տեսանելիության սահմաններում` մոտեցող գնացքի (լոկոմոտիվի, երկաթուղային սայլակի) բացակայության դեպքում:
16. Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) ձեռքը բարձրացված է վեր` տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը բոլոր ուղղություններով արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են`
ա. ձախ և աջ կողմերից երթևեկությունը թույլատրված է տրամվային` ուղիղ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` ուղիղ և աջ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,
բ. թիկունքից և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունն արգելված է.
3) աջ ձեռքը պարզված է առաջ`
ա. ձախ կողմից տրամվայի երթևեկությունը թույլատրված է դեպի ձախ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` բոլոր ուղղություններով,
բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներին թույլատրված է երթևեկել միայն դեպի աջ,
գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,
դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:
17. Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով: Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ:
18. Լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև, իսկ դրա բացակայության դեպքում`
1) մինչև խաչմերուկը` հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով կանոնների 93-րդ կետը, խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար.
2) երկաթուղային գծանցից առաջ` կանոնների 111-րդ կետի պահանջներին համապատասխան.
3) այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:
(18-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
19. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:
20. Վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:

21. Երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին:
 
III. ՎԹԱՐԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԵՎ «ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

22. Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):
Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:
23. Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:
Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:
24. Վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:
25. Արգելվում է առավելություն ստանալու, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի) նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը:
(25-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)

 
IV. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները, որը տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է: Վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով: Ուղեկցվող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն լապտերների մոտակա լույսերը:
(26-րդ կետը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության տրանսպորտային միջոցների վրա կարող է միացված լինել նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկ:
28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները զիջում են ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
(28-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
29. Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
30. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
(30-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
31. Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
(31-րդ կետը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:
33. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման աշխատանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ 2.2` «Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելված է» նշանների:
34. Կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշերը գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանց ուղեկցող դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:

35. Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության ծառայողների և այլ անձանց 
ուշադրությունը գրավելու համար:
 
V. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԵՎ ՄԱՆԵՎՐՈՒՄԸ

36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու շարժվում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է 
տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:
(36-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
37. Ձախ շրջադարձի (հետադարձի) ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված ձախ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված աջ ձեռքը: Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված աջ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված ձախ ձեռքը: Արգելակման ազդանշանին համապատասխանում է դեպի վեր պարզված աջ կամ ձախ ձեռքը:
38. Մերձակա տարածքից ճանապարհ մուտք գործելիս` վարորդը պետք է զիջի ճանապարհը դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին և հետիոտներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հետիոտներին և հեծանվորդներին, որոնց երթևեկության ուղին հատում է:
39. Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու շարժվող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:
40. Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.
2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից:
Երթևեկելի մասին համընթաց ուղղության ձախ կողմում, նույն հարթության վրա համընթաց ուղղության տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն այդ գծերի վրայից, եթե 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշմամբ երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային:
41. Շրջադարձը պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի երթևեկության հանդիպակաց կողմում: Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է շարժվի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ:
42. Շրջադարձը դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը հայտնվի աջ եզրային մասում: Այդ ընթացքում վերադասավորվելը թույլատրվում է, եթե վարորդը համոզված է, որ երթևեկությունը տվյալ ուղղությամբ թույլատրված է նաև այլ գոտիներով:
43. Եթե վարորդը տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով հնարավորություն չունի առանց կանոնների 40-րդ կետի պահանջները խախտելու կատարել շրջադարձը կամ հետադարձը, ապա թույլատրվում է չպահպանել դրանք` խոչընդոտ չհանդիսանալով մյուս տրանսպորտային միջոցների համար և ապահովելով երթևեկության անվտանգությունը:
44. Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային, իսկ եթե երթևեկելի մասի ոչ բավարար լայնության պատճառով շրջադարձը կամ հետադարձը կատարում է ոչ եզրային գոտուց, ապա նաև համընթաց տրանսպորտային միջոցներին:
45. Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը, որին տրանսպորտային միջոց է մոտենում աջից:
46. Եթե հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ճանապարհը պետք է զիջի իր առջևում խոչընդոտ ունեցող վարորդը: 1.13` «Կտրուկ վայրէջք» և 1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի վայրէջքի ուղղությամբ ընթացող վարորդը:
47. Արգելակման գոտի մուտք գործելու մտադրություն ունեցող վարորդը պետք է նախապես վերադասավորվի այդ գոտի, որտեղ միայն իջեցնի արագությունը: Ճանապարհ մուտք գործելու վայրում, թափառքի գոտու առկայության դեպքում վարորդը պետք է շարունակի երթևեկել դրանով և վերադասավորվի հարևան գոտի` զիջելով ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:
48. Տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումն անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:
49. Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և կանոնների 50-րդ կետում թվարկված տեղերում:
50. Հետադարձն արգելվում է`
1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:

 
VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍՈՒՄ

51. Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ կամ 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:
52. Երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին գծանշման բացակայության դեպքում հանդիպակաց երթևեկության կողմ է համարվում երթևեկելի մասի լայնության ձախ կեսը` չհաշված երթևեկելի մասի լայնացումները (թափառքի և դանդաղեցման գոտիներ, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար լայնացման տեղեր և այլն):
53. Երկկողմ երթևեկությամբ չորս և ավելի գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է դուրս գալ ճանապարհի հանդիպակաց երթևեկության համար նախատեսված կողմը:
54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:
55. Բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում` 5.1` «Ավտոմայրուղի» կամ 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշաններով կահավորված ճանապարհներին կամ որտեղ թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ ավելի արագությամբ, տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դրանք վարեն երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ: Այդ դեպքերում արգելվում է զբաղեցնել երթևեկության ձախ գոտիները` ազատ աջ գոտիների դեպքում:
56. Բնակավայրերում, հաշվի առնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի և կանոնների 55-րդ, 57-58-րդ, 63-րդ ու 116-րդ կետերի պահանջները, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել իրենց համար հարմար երթևեկության գոտիով: Ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են բոլոր գոտիները, դրանք թույլատրվում է փոխել ձախ և աջ շրջադարձերից, հետադարձից, արգելքը շրջանցելուց կամ կանգառից առաջ:
(56-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին կանգառի կամ կայանման նպատակով ձախ եզրային գոտի դուրս գալն իրականացվում է կանոնների 79-րդ կետի պահանջներին համապատասխան:
(57-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
58. Տրանսպորտային միջոցները, որոնց երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 40 կմ/ժ, կամ որոնք տեխնիկական պատճառներով չեն կարող զարգացնել այդպիսի արագություն, պետք է շարժվեն աջ եզրային գոտիով` բացառությամբ շրջանցման, վազանցի կամ ձախ շրջադարձից, հետադարձից կամ թույլատրված դեպքերում ձախ կողմում կանգառ կատարելուց առաջ վերադասավորվելու դեպքերի:
59. Երթևեկության տվյալ ուղղության ձախ կողմում գտնվող համընթաց ուղղության տրամվայի գծերով երթևեկել թույլատրվում է, եթե բոլոր գոտիներն այդ ուղղությամբ զբաղված են, ինչպես նաև վազանցի, արգելքը շրջանցելու, ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ` հաշվի առնելով կանոնների 40-րդ կետը: Ընդ որում, խոչընդոտ չպետք է ստեղծվի տրամվային: Եթե խաչմերուկից առաջ տեղադրված են 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանները, խաչմերուկում երթևեկությունը տրամվայի գծերով արգելվում է: Արգելվում է երթևեկել հանդիպակաց ուղղությամբ տրամվայի գծերով:
60. Եթե երթևեկելի մասը գծանշմամբ բաժանված է գոտիների, ապա տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է իրականացվի նշված գոտիներով: Ընդհատվող գծերը կարելի է հատել միայն վերադասավորվելիս:
61. Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով, բացառությամբ մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) հետիոտներին խոչընդոտ չհանդիսանալու պայմանով կողնակներով վարելու, ինչպես նաև նույն պայմանով բեռնակիր կամ հեծկան կենդանիներին կողնակներով քշելու և կանոնների 78-րդ կետում նշված դեպքերի: Թույլատրվում է, այլ հնարավորության բացակայության դեպքում, ճանապարհային և կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին երթևեկել, իսկ անմիջապես ճանապարհի կողնակների, մայթերի կամ հետիոտնային արահետների մոտ տեղակայված առևտրային և այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` ամենակարճ ճանապարհով մոտենալ դրանց` ապահովելով երթևեկության անվտանգությունը:
(61-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
62. Վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, իսկ կողքով ընթացողներից` այնպիսի միջկողային տարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախվելուց:
63. Բնակավայրերից դուրս յուրաքանչյուր ուղղության համար մեկ գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին արագության սահմանափակում կամ 7 մ ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների վարորդները մինչև առջևից ընթացող տրանսպորտային միջոցը պետք է ապահովեն այնպիսի տարածություն, որպեսզի իրենց վազանցող տրանսպորտային միջոցների վարորդներին հնարավորություն տան անհրաժեշտության դեպքում առանց խոչընդոտի վերադասավորվելու նախկինում զբաղեցրած գոտի: Այդ պահանջը չի գործում վազանցն արգելված ճանապարհահատվածներում, ինչպես նաև ինտենսիվ երթևեկության ժամանակ և կազմակերպված տրանսպորտային շարասյան կազմում երթևեկելիս:
64. Վարորդը երկկողմ երթևեկությամբ ճանապարհին, բաժանարար գոտու բացակայության դեպքում երթևեկելի մասում գտնվող անվտանգության կղզյակները, կարճասյուները և ճանապարհային կառույցների (կամուրջների, ուղեկամուրջների հենասյուներ և այլն) տարրերը պետք է շրջանցի աջ կողմից, եթե նշանները և գծանշումներն այլ բան չեն թելադրում:
(64-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)

 
ՍկիզբՆախորդ1234ՀաջորդՎերջ



Էջ 1 , 4-ից

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: